Ջերմուկի ճամփեքին

Ձյուն՝ շատ ձյուն, ահա թե ինչ էինք ասում, Ջերմուկից Երևան զանգահարելիս: Այս անգամ ուղևորվեցինք Ջերմուկ: Այնքան եմ սիրում փոքր քաղաքներ և Ջերմուկն էլ բացառություն չէ: Առողջարանային փոքրիկ քաղաք է, և թվում էր թե ձյան ճերմակությունը, ձայնը նույնպես որևէ բուժիչ կամ հանգստացնող հատկություն ունեին: Չգիտեմ, առօրյա հոգսերից փախչելու հիանալի տարբերակ էր Ջերմուկը: Ես Երևանը անշուշտ շատ եմ սիրում, բայց Հայաստանի բոլոր այլ քաղաքներում աղտոտվածությունն անհամեմատ ցածր մակարդակի վրա է, ինչն էլ ավելի հաճելի է դարձնում Հայաստանով ճամփորդելը: Դպրոցից դուրս շատ ընկերներ ունեմ, ու շատ եմ խոսում մեր ճամփորդություններից: Շատ են հարցնում, այդ ինչպե՞ս, ո՞նց, ո՞ւր, որտեղի՞ց Ձեզ այդքան հնարավորություն, պատասխանը մեկն է. ես Սեբաստացի եմ: Ընդհանրապես ճամփորդությունը՝ ամենալավ ուսուցիչն է, ամեն հարցում: Ճամփորդելով ծանոթացել եմ ամենահավատարիմ ընկերներիս ու ինքս ինձ հետ, դարձել եմ ինքնուրույն, սովորել եմ դասեր քաղել և ամենակարևոր փորձը ձեռք եմ բերել հենց ճամփորդություններից: Այսպես է իմ կրթահամալիրը ինձ կրթել, ինչի համար ես երախտիքի խոսքեր չեմ կարողանում գտնել: Ջերմուկի խորհրդանիշ գալերեան չկարողացանք աչքաթող անել: Այցելեցինք Ջերմուկ հանքային ջրերի գործարան, որտեղ մեզ մանրազնին պատմեցին ամբողջ արտադրական ընթացքի, պատմության և հետաքրքիր փաստերի մասին:

Ջերմուկը հայտնի է նաև իր ճոպանուղով 1000մ երկարությամբ, որով բարձրացանք սարը, վերևում անասելի ցուրտ էր, բայց դա մեզ չխանգարեց տպավորիչ լուսանկարներ անել: Երեկոյան ժամերին ընկերներով հավաքվում էինք ու զրուցում ամենատարբեր թեմաներից: Մեր ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Գնդեվանք, ճանապարհին պատուհանից բացվում էր յուրաքանչյուր հայի գեղագույն տեսարանը՝ լեռները: Ամբողջ ճանապարհին չկարողացա զանց անել դրանց հզորությունը, գիտե՞ք ինչ հասկացա, մեր լեռներն ու անչափելի գեղեցիկ բնությունն է ինձ ոգեշնչում և ստիպում առաջ շարժվել: Եվ այսպես ամեն ճամփորդությունից մի լավ խորը շունչ քաշած, նոր գիտելիքների, հանգստի, նոր դրական էմոցիաների տոպրակը շալակած վերադառնում եմ Երևան՝ սպասելով հաջորդին: Մեկնեցի ու վերադարձա երազելով, բայց երազով լցված աչքերս մնացին Ջերմուկի ճամփեքին:

Leave a comment